ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԷՋԸ  ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է...













ՁՅՈՒՆԸ






















Օրը ցրտեց, ջուրը առավ,

Ձյունը ծածկեց աշխարհն արար,
Հազար գույնից զրկեց նրան,
Ճերմակ թիկնոց ձգեց վրան,
Ինքն իրենով խիստ հիացած՝
Հպարտ- հպարտ մտքում ասաց,
-Չէ', շատ բան է ուժս պատում,
Ինչու՞ չիշխեմ ըմբոստ մարդուն...

Բարձրացրեց բուք ու բորան,

Մարդ ու ճամփա աչքից կորան:
Մինչ ձյունն այդպես կհոխորտար,
Զարթնեց գարնան արևը վառ,
Նրան արագ հալեց-մաշեց,
Առու- առու ձորը քաշեց,
Վերջում միայն թողեց մի բուռ,
Հանեց լեռան գագաթը սուր,
Որ լավ տեսնի երկնի որդին
Վախճանն իր պես պարծենկոտի:


ԵՍ ՇՆԻԿ  ԷԻ




  

 








Ես Շնիկ էի, թմբլիկ էի,
Ունեի մայրիկ, հողե տնակ,
Թեև անտարբեր ու բկլիկ էի,
Փորիկս կուշտ էր ու տեղս տաք:
Ես անուժ էի ու չհաս էի,
Ոչ ոք ինձ վրա չէր նայում խեթ,
Ուրախ ու հպարտ կվազվզեի
Ու խաղ կանեի ամենքի հետ:
Հիմա, որ արդեն շուն եմ իսկական,
Կարող եմ տեղին հաչել, կծել,
Ինձ քար նետողին ցույց տալ իր ճամփան,
Ավա՜ղ, իմ վզին թոկ են գցել:
Շոգին՝ թուլանում, ցրտին՝ փայտանում,
Պահում եմ անքուն տուն ու այգի,
Սակայն իմ վզին շղթան չեն հանում,
Ոչ արձակուրդ կա, ոչ կիրակի:
Թե հնար լիներ՝ շղթաս պոկեի,
Ձեռ կքաշեի շնությունից,
Եվ աշխարհով մեկ կբողոքեի
Իմ ցեղն ստեղծող բնությունից:




սեղմի'ր նկարի վրա՝ այն մեծացնելու համար




































ՊՈՒՃՈՒՐ- ՄՈՒՃՈՒՐԸ








Իրիկուն էր մթնախոժոռ,
Խաղաղվել էր գյուղի ճամփան,
Դաշտի մուկը՝ չաղ ու խոշոր,
Այգի գնաց տանու մկան,
-Ո՞նց եք ապրում, այ քեռակին,
Խոսքը բացեց դաշտամուկը,-
Հասցնու՞մ ես ժամանակին
Լիքը պահել ձերոնց բուկը:
-Լավ ենք, ախպեր, գոհ ենք կյանքից,
Կարիք չունենք ոչ մի բանի,-
Տանու մուկը պատասխանեց
Իր հարցասեր բարեկամին:
-Բայց ինչու՞ եք բարակ մնում,
Այդքան գունատ, պուճուր- մուճուր...
Խոսքը կիսատ, դեռ բերանում,
Սև կատուն է վրա թռչում.
Տանու մուկը նայեց հեռվից ,
Տեսավ հյուրը շունչն է փչում:
-Դե, իմացիր ումն է մեղքը,
Ասավ, մտավ պատի ճեղքը:












 ՈՒԼԻԿԻ ԾԱՄՈՆԸ





Մեր ուլիկը կուշտ արածել,
Հանդից տուն էր վերադարձել,
Էլ անելու ոչինչ չուներ,
Բակում նստել, որոճում էր:
Այդ որ տեսավ փոքրիկ Կամոն
Կանչեց տատին՝ ծամո'ն,ծամո'ն,
Տե'ս ուլիկին... բա ի'նձ, բա ի'նձ...
Տատի, ասա կեսը տա ինձ:
-Վայ, բալիկ ջան, լաց մի լինի,
Մեր ուլիկը ծամոն չունի,
Կերած խոտը մանրում է նա,
Որ հեշտ մարսի, հեշտ կուլ գնա.
Եվ զարմացած քեզ է լսում,
Թե այս խենթուկն ի՞նչ է ասում:




ՄԵԾՆ ԷԼ ՓՈՔՐԻՆ ՊԻՏԻ ԼՍԻ





Տունը լիքը ծխախոտ է,

Ծխի ամպ է, ծխահոտ է,

Հայրի'կ, գոնե քեզ չես խղճում,

Օդի տեղակ ծուխ ես շնչում:



Հազար անգամ ասել եմ ես,

Ծխելը  թող, վնաս է քեզ,

Բալիկը հոր վատը կուզի՞

Մեծն էլ փոքրին պիտի լսի:





ՁԿՆԻԿՆԵՐԸ





Ձկնիկների մի ողջ վտառ


Ասես չունի տեղ ու դադար,


Լող է տալիս մայր ծովի մեջ


Ալիքներին բախվում անվերջ,


Կտրում, ելնում մաքառելով


Ծովը սնող գետի հունով:


Մինչդեռ գետի հոսանքն ի վար,


Թեթև, հանգիստ ու անվթար


Ծովն են իջնում ձկները մեծ


Դեպ ծննդյան վայրերն իրենց:


Ձկնիկների ճանապարհին


Ծեր ձկանը հարց են տալիս,


-Դուք գնում եք հոսանքի հետ,


Իսկ մենք՝ նրան միշտ հակառակ,


Չենք հասկանում՝ դու՞ք եք անգետ,


Թե՞ մենք ենք դեռ անփորձ ու խակ:


Շշնջում է ձուկը տարեց.


Ծերը դեպի վայրէջք կերթա,


Իսկ ջահելը՝ դեպի վերելք,


Կյանքի շարժման օրենքն է դա,


Որ մեծերս փորձով գիտենք:




ԿԱՐԾԵՍ ԵՍ ԵՄ ՄԵՂԱՎՈՐ








Դարձա տասը տարեկան
Հասկանում եմ ամեն բան.
Հայրի'կ, ուղիղ նայիր ինձ,
Խռովե՞լ ես մայրիկից:
Sես ինչքան կան շուրջը մեր
Հաշտ- համերաշխ ծնողներ,
Որ իրար լավն են ուզում,
«Ջան» են ասում, «ջան» լսում,
Իսկ օրերին հանգստի,
Տանը երբեք չեն նստի.
Բալիկներին դուրս հանում,
Զբոսանքի են տանում.
Իսկ դուք կռվում իրար հետ,
Ինձ եք նայում խռովխեթ,
Խոսում այնպես պաղ ու չոր,
Կարծես ես եմ մեղավոր։






 ՎԱԽԸ ՉԻ ԲՈՒԺՈՒՄ







Ատամի ցավից ուշքս գնում է,
Սառը վնաս է, տաքը չի օգնում,
Ատամնաբույժը ուշիմ զննում է,
Գլուխն օրորում՝ «սաստիկ բորբոքում», 
Մի քանի օրից,երբ ցավը անցնի,
Քո փուչ ատամը պետք է հեռացվի..
Հենց որ լսում եմ , որ պիտի հանի,
Կտրում է իսկույն ցավն իմ ատամի,
Այսպես մնում է մի երկու շաբաթ,
Նորից եմ տնքում, ընկնում պատեպատ,
Էլ ե՞րբ է լինում դրանից վատ օր,
Չէ', դատարկ վախից ինքս եմ տուժում,
Ինչ ցավ էլ լինի՝ վախը չի բուժում:



ԻՄ ՏԻԿՆԻԿԸ






Տիկնիկ ունեմ՝
Շատ խելացի,
Թողնեմ մենակ՝
Նա չի լացի:



Ուր էլ տանեմ
Ցրտին, շոգին,
Ինչ էլ անեմ՝
Չի բողոքի:



Բայց տխրում եմ
Ու ափսոսում,
Որ լռում է
Ու չի խոսում:



Հաց եմ տալիս,
Ջուր եմ տալիս,
Նայու՜մ, նայու՜մ,
Մոտ չի գալիս,



Տանջող մի հարց
Մտքիս մեջ է.
Ինքն էլ ինձնից
Գո՞հ է, թե՞ չէ:







ՍԱՐԴՆ ՈՒ ՇԵՐԱՄԸ



-Ես ոստայն եմ հյուսում արագ՝
Մետաքսից էլ նուրբ ու բարակ,
Բայց չգիտեմ՝ ինչու մարդը
Քեզ՝ շերամիդ փայփայում է,
Ինձ էլ, որտեղ պատահում է,
Վերջ է տալիս,- ասաց սարդը:
Շերամն ասաց,- ա'յ անպիտան,
Քեզ համար ես հյուսում ոստայն,
Այդ ցանցի մեջ հանգիստ պառկել,
Որս ես անում, միջատակեր...
Ես բոժոժ եմ հյուսում թեթև՝
Տալիս մարդուն մետաքսաթել՝
Այնքան ճերմակ ու նրբաշող,
Որ դառնում է ծածկող ու շոր:








***
Ո՞մ է նման,
Ո՞ւմ է նման
Մեր պուճուր տղան:
-Խելքը՝ հորը,
Քելքը՜ հորը,
Պատկերն աննման:


-Չէ', ես կուզեմ
Տղաս լինի
Միայն իր նման.
Խելքն իրենը
Քելքն իրենը,
Պատկերն աննման:











Փոքրի'կ մեղու, ջա'ն մեղու,
Ի՞նչ ես նստել քո տեղում,
Արև ծագեց, վե'ր կաց, վեր,
Շարժիր մանրիկ քո թևեր,
Շուտով դուրս ես թռչելու,
Ծաղկեծաղիկ շրջելու,
Որ գաս բեռ ու բզզոցով,
Նեկտար անես մեղրի ծոր






Անուշ բալիկ, դու ջուր բեր,
Փլավ եփեմ, նստի , կեր:
-Չէ', չեմ կարող, տատիկս,
Շատ է ցավում թաթիկս:

-Անուշ բալիկ, արի կեր
Քաղցր բլիթ, կաթի սեր:
-Հիմա կգամ, տատիկս,
Լավանում է թաթիկս...








***
Է՜յ, արտուտիկ,
Կարմրատոտիկ,
Քո կտուցին՝
Կանաչ խոտիկ,
Ման ես գալիս
Արտին մոտիկ:

Դու մի' քայլիր
Բոբիկ, բոբիկ,
Որ փուշ չառնի
Քո բաց տոտիկ:





ԱՀԱԶԱՆԳ

Ասում են, Երկրից փախավ Սատանան,

Գնաց, որ Աստծուն իր սիրտը բանա,
-Տեր իմ,- աղաչեց,- մեղք եմ, խնայիր,
Ճար, հնար չունեմ, ինձ քեզ մոտ պահիր.
Տիրեց արհեստիս մարդ արարածը,
Կերավ իմ խելքը, կտրեց իմ հացը:
Տե'ս, ինչ աղետ է քո Երկրի վրա,
Մարդը խժռում է Երկիրն անխնա,
Կողերն է ջարդում, հյութերը՝ քամում,
Վառում ամեն ինչ ու տալիս քամուն,
Մսխում է եղած և' գանձ, և' բարիք,
Երկիրը սարքում փուչ օդապարիկ,
Հենց որ լինում է մի կարճ ընդմիջում,
Զինվում են մարդիկ ու իրար ջնջում...
Աստված լուռ լսեց,  խոսեց դառնասիրտ.
-Իրողություն է ահազանգը քո,
Դատն ամեն մարդու կանեմ իմ ձեռքով,
Չեմ տվել մարդուն մի չքնաղ Երկիր-
Որ հետը վարվի, ոնց փչի խելքին,,
Դու էլ ետ դարձիր, մի ձևանա խեղճ,
Քո մատը խառն է այդ ամենի մեջ...
Չար հոգիների հմուտ պարբաշի,
Դո'ւ էլ կդառնաս դժոխքի բաժին:





ԱՂՋԻԿՆ ՈՒ ՏՂԱՆ







Սիրած տղա, սիրուն աղջիկ
Ճամփի վրա հանդամիջի
Ընկան թաքուն սիրո խոսքով,
Երազեցին լուսնի ներքո:
Նախանձ քամին ականջ դրեց,
Լուրը տարավ, գյուղ հասցրեց,
Խեղճ աղջիկը լացակումած
Էլ դաշտերից տուն չգնաց,
Մնաց որպես վարդի կոկոն,
Աչքերը՝ փակ, շուրթերը՝ փակ,
Տղան լացեց ու հրաշքով
Փոխվեց, դարձավ վշտոտ սոխակ:
Այդ օրվանից գիշեր ու զօր
Քունը կտրած՝ սիրո հույսով
Մեն ու մենակ, թփին թառած,
Իր  սիրածին աչքը հառած,
Ձայն էր տալիս, կանչում երգով.
-Լսու՞մ ես ինձ, աչքերդ բաց,
Չե՞ս ճանաչում, ես եմ եկել,
Հոգուդ մեռնեմ, երեսդ բաց,
Բացվիր գոնե տեսնեմ մեկ էլ...

Ասում են, թե սոխակը խեղճ
Մթնախոժոռ գիշերվա մեջ
Սիրո կորուստն այնքան լացեց,
Վարդը ծեգին աչքը բացեց,
Գիրկը առավ իր սոխակին,
Բուրեց անուշ ու քնքշագին:




ԽՈՐՀՈՒՐԴ





Աշխույժ մտրուկը՝պոչը վեր պարզում,
Հաճախ մատակից առաջ էր վազում,
Զվարթ խրխինջով գալիս դեպի ետ,
Խոսքի բռնվում ծանրաշարժ մոր հետ.
-Ես որ տեսնում եմ քո կամաց քելքը,
Դժվար թե անցնենք այս ձիգ վերելքը,
Դանդաղ ես քայլում, ի՞նչ է պատահել,
Ես՜ կայտառ մանուկ, դու՝ առույգ ջահել...
-Համբերիր, որդիս, - ասում է մայրը,-
Մենք արագ անցանք մեծ հարթավայրը,
Դեմ առանք դիքին... դու հանգի'ստ գնա,
Դիքում վազողը ճամփին կմնա...





ՏԱՆԸ




Մայրը տուն մտնում
Մնում է սառած,
Տեսնում է շատ բան
Թափած ու փռած.
Պատերին անկարգ
Նկարների շարք:
-Անօգուտ բան է
Ձեր խրատելը,
Ի՞նչ օրն եք գցել,
Այս տան պատկերը,-
Զայրանում է նա
Իր որդու վրա:
Նա էլ նեղացած
Մորն է առարկում.
-Բա հարևանի
Տունը պալատ է,
Իսկ մերը միայն
 Դատարկ չորս պատ է:
Ես ու քույրիկն էլ
Ջրաներկն առել,
Պատերին քսել,
 Նախշեր ենք արել,
Որ մերն էլ մի քիչ
Գեղեցիկ լինի:
Ի՞նչ պակաս բան է
Այս նորոգումը,
Կարգին տեսք ունի
Հիմա մեր տունը:


  ԿՐԱԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ









Կրակ ու ջուր մի օր ծնվել,
Ազնիվ խոսքով երդում տվել,
Դարձել են հաշտ եղբայր ու քույր,
Մեկը մեկից բարեհամբույր:
Քույր կրակն է իր մոտ կանչում.
-Ո՞նց ես պաղել, սառույց կապել,
Եկ, տաքացիր, անուշ ախպեր:
Թե կրակն է նեղվում շոգից,
Ջուրն է ձայնում ձորի խորքից.
-Հերիք վառվես, քույր հրածին,
Եկ, գիրկս, եկ. քիչ հովացիր...
Այսպես իրար հոգի տալով,
Մերթ տխրամած, մերթ խնդալով,
Ապրում են այդ երկու հսկան՝
Առանց վեճի ու գժտության.
Լույս են տալիս, հույս են տալիս,
Ծով ջերմություն՝ պաղ աշխարհին,
Ծարավն առնում հող ու ծառի,
Ձյուն-ձմեռվա ճամփան հայում,
Փռում ծաղկունք, կանաչ գարուն,
Պտղավորված ծառ ու վազին
Հասցնում են մրգահասի...











***
Հովեր եկան, շշնջացին
Սարի խոհուն ծաղիկներին.
-Ի՞նչ ունենք այս քարոտ լանջին,
Եկեք, առնենք մեր թևերին,
Ոսկե հովիտ տանենք սիրով
Ու Ձեզ ջրենք արծաթ ջրով:

Ծաղկունքն ասին միաբերան.
-Թեև այստեղ խիճ է ու քար,
Գոհանում ենք մի բուռ հողով,
Մեզ կյանք չի տա հովիտն օտար,
Մենք սնվում ենք երկնի ցողով,
Որ ապրում ենք այսքան երկար...

****










ԷՋԸ  ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է...















Комментариев нет:

Отправить комментарий