ԷՋԸ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է...
ԹԻԱՎԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Ամպ ու հովին մեղմ իրիկվա,
Երկրի արքան՝ինքնագոհ,
Զբոսնում էր ծովի վրա
Թեթևասահ նավակով:
Ալեկոծվեց ծովը հանկարծ
Ու մռնչաց կատաղի,
Թվում էր , թե նավակն անդարձ
Իր խորքերում կթաղի:
Մթնեց ասես լույս աշխարհը,
Մթնեց երկինք ու երկիր,
Մեն- մենակ էր թիավարը
Գրոհի դեմ տարերքի:
-Է՜յ, թիավար, որ չգիտես,
Գոնե խորհուրդ հարցրու,
Ջուրը գալիս, լցվում է ներս,
Նավակը ձախ դարձրու...
Գոռաց արքան հուսակտուր,
Սրտում՝ երկյուղ ու տագնապ,
Բայց թիավարն անխոս ու լուռ՝
Ելք էր փնտրում դեպի ափ:
Ու երբ նրանք ափը հասան
Բարեխոստում հրաշքով,
Քեզ կկախեմ, արքան ասավ,-
Եվ կհանեմ առքը քո:
Դու ո՞վ ես, որ սիրտ ես անում,
Խուլ ձևանալ տիրոջ մոտ,
Լեզու չկա՞ր քո բերանում,
Լեզու չունե՞ս , անամոթ:
-Երբ հրաման կտան ահեղ
Երեք սարսափ թագավոր,
Ես ականջս որի՞ն պահեմ,
Որի՞ խոսքն է կարևոր
- Երեքն ո՞վ են, ի՞նչ հրաման,
Պարզ ասա, որ հասկանամ...
- Իմ թագավորն ապրած կենա,
Մեկը քամին էր վիշապ,
Թե որ բանը իրեն մնար,
Չէր թողնի մեզ ելնենք ափ:
Մեկը ծովն էր,որ գազազել,
Քիչ էր մնում կուլ տա մեզ,
Հե՞շտ էր նրանց մի բան ասել,
Որ հասկանան, գթան քեզ:
Մեկն էլ դու ես, աստծո զավակ,,,
Թույլ տուր խոսեմ բաց սրտով,
Ափ չի հասել ոչ մի նավակ
Արքաների խորհրդով...
ՎԱՐՔ ԹԱԳԱՎՈՐԱՑ
Ջահել տերության ծեր թագավորը
Կյանքի ընթացքից գլուխ չէր հանում,
Վայելում էժան փառքի օրորը,
Շքեղ գալիք էր երկրին խոստանում:
Հյուր էր ընդունում ցուրտ եղանակին,
Տաք ամիսներին ինքն էր հյուր գնում,
Մի ձեռքը՝ գինու կենաց
բաժակին,
Համայն աշխարհի գործերն էր քննում:
Սով ու կարիք էր տերության ներսում,
Հավաքում էր նա հազար ձևի հարկ,
Խեղդում ամբոխի ամեն ընդվզում
Տոնում ցնծագին՝ իբրև հաղթանակ:
- Տեր իմ,- ասում է մի խորհրդական,-
Արյուն է կաթում մարդկանց սրտերից,
Կարգն ավերեցին բարքերն ապական,
Ախր, երկիրը գնում է ձեռից...
- Ի՞նչ ես զառանցում,- գոռում է տերը,-
Աչքերդ բացիր, բերանդ փակիր,
Հնազանդ են ինձ հողն ու եթերը,
Խավարում չունի արևն իմ թագի...
Բայց ահա մի օր երկիրն արթնացավ
Մունետիկների կանչից բոթաբեր.
- Հանգա՜վ մեր արքան, ասին ողբաձայն,-
Հանգա՜վ ու թողեց մեր երկիրն անտեր,
Մեր ժողովրդին՝ որբ ու սգավոր,
Իր անդառնալի կորստի ցավով...
Այնինչ սեղանին բանվոր-մշակի
Զնգում էր բաժակն աչքալուսանքի...
Երբ տերն է կյանքին հրաժեշտ տալիս,
Պալատն է միայն կեղծավոր լալիս,
Խրճիթի համար՝ դարերը
վկա,
Տերերի լավը աշխարհում չկա:
Ասում են, թե մի ժամանակ
Հին աշխարհի ջահել կանայք,
Հավաքվում են, խմբով գնում,
Աստծո առաջ հարց են դնում,
-Ով բարերար,մեր մեղքն ի՞նչ է,
Երկունքի մեղքն իբրև քիչ է,
Որ ցավերն էլ մենք ենք քաշում...
Տուր հոգսերի արդար բաշխում,
Թող երեխան բերի կինը,
Ցավը քաշի ամուսինը:
-Կիսեք ձեր մեջ հոգսի բեռը,-
Պատգամում է ինքը՝ տերը:
Կանայք խոնարհ գլուխ տալիս,
Ուրախ- ուրախ տուն են գալիս,
Կյանք են անում իրենց համար,
Ապրում խաղաղ ձմեռ-ամառ,
Բայց մի օր էլ այս ու այնտեղ
Թեժանում է կրակն անթեղ,
Մարդը կողքին ծննդկանի.
«Ցավն է բռնում» հարևանի...
Լուրը գնում բերնեբերան
Ու դառնում է մազը գերան:
-2-
Կանաք գալիս լաց ու կոծով,
Ծունկ են չոքում դեմն աստծո.
-Ախ, տեր աստված, դու մեզ ներիր,
Մենք հոժար ենք նախկին դերին,
Միայն կուզենք որ մեզ գթաս,
Տղամարդուն երես չտաս,
Պահես մեզ նույն դիրք ու դերում՝
Կյանքի բոլոր ոլորտներում:
-Սահմանում եմ,- աստված
ասավ,-
Մի այնպիսի կարգ ու օրենք,
Որ լինի կին թե տղամարդ,
Ապրեն ազատ, ազնվորեն,
Բաշխեն արդար գործ ու վաստակ,
Այս կենարար արևի տակ:
-3-
Կանայք խոնարհ գլուխ տալիս,
Ուրախ- ուրախ տուն են գալիս,
Այրերի հետ ամեն ինչում
Մրցում անդուլ ու անզիջում:
Բայց տեսնում են ծանր է գործը,
Ծայր է առնում քչփչոցը.
-Ի՜նչ ուզեցինք, ի՜նչ դուրս եկավ,-
Միտք են անում նրանք երկար,-
Մեր հոգսը չի թեթևանում,
Կրում է նոր ձև ու անուն,
Տանն աշխատում, դուրսն աշխատում,
Ծառայում ենք տղամարդուն,
Հետն էլ զավակ ծնում, սնում,
Համբերում ենք ու հասցնում,
Հասցնում ենք ծերը ծերին...
Ա'յ թե բախտ է, վայ մեր դերին,
Գլուխ պահել չենք հանդուրժում,
Էլի վերջում մենք ենք տուժում:
Լենկթեմուրն անգութ՝ զորքով անքանակ,
Արշավեց, զավթեց երկրներ բազում,
Ազգ ու ցեղերի առավ սրի տակ
Եվ գերեվարեց մարդ ու անասուն:
Տիրակալն ահեղ՝ մոլուցքով վայրի,
Եկավ փրփրած, սև հեղեղի պես,
Հասավ դռներին մեծ Եվրոպայի,
Ճիչ ու աղմուկով փշրեց, մտավ ներս:
Մի օր էլ, երբ նա զորքին անհամար
Թեժ մարտից հետո դադար էր տվել,
Ճարպիկ մի զինվոր իր տիրոջ համար
Բերեց շողշողուն, զարմանք մի նվեր:
- Այս ընծան,- ասավ,- քեզ է արժանի,
Անտեր աշխարհի տեր ու
տիրական,
Ասում են՝ սրան ով մտիկ անի,
Կտեսնի նա իր պատկերն իրական:
Կաղ Թեմուրն ուրախ հայելին առավ,
Այնքան պարզ տեսավ իր դեմքն այլանդակ,
Որ երակներում արյունը սառավ,
Արցունք երևաց շեղ կոպերի տակ:
Ապա հայելին փշրեց կատաղած
Ու մռնչալով ելավ վրանից,
Մերկ սուրը օդում մի վայրկյան խաղաց,
Պոկեց զինվորի գլուխն ուսերից:
-Ա'ռ քեզ ,անիրավ, դե հիմի ցնծա,-
Սուրը սրբելով հեգնեց մեռածին,-
Կրակի գին է քո տված ընծան,
Թանկ եմ վճարում, վարձդ ստացիր...
Ծանր քայլերով Թեմուրն այդ պահին
Վրանի առջև գնում էր, գալիս,
Որ հայացքն ընկավ իր թիկնապահին,
Հանկարծ նկատեց, թե ոնց է լալիս:
- Ի՞նչ է պատահել,- հարցրեց արքան,-
Ի՞նչ ցավ ունես դու, իմ ազնիվ զինվոր:
-Ախր որ ասեմ, արքան կների՞,
Թե՞ խոսքս գլխիս փորձանք կբերի:
- Խոստանում եմ քեզ ներել այս անգամ,-
Հանգստացրեց Թեմուրը նրան:
Պատանի զինվորն ահը մոռացած,
Խայթող ժպիտով արքային ասաց.
- Տեր իմ, պատկերդ հայելուն առավ,
Տեսար մի անգամ,սիրտդ չտարավ,
Մեր սիրտը քա՞ր է, մենք ի՞նչ անենք որ
Տեսնում ենք դեմքդ ամեն, ամեն օր...
Комментариев нет:
Отправить комментарий